Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված սպանությունը, նրա հրաժարականի պահանջով հանդես եկող տարբեր նախաձեռնող խմբերի հայտարարությունները, մարզպետի որդու և թիկնապահի ձերբակալման փաստը կարող են դառնալ ինչ-ինչ փոփոխությունների նախանշան: Հայտնի է, որ Հայաստանում մի շարք մարզպետներ, այդ թվում՝ Սուրեն Խաչատրյանը, տարիներ շարունակ իրենց ղեկավարած մարզերում հաստատել են կլանային հարաբերություններ, որոնք էլ շահերի բախման կիզակետում դարձել են միջկլանային բախումների պատճառ:
ԶԼՄ-ներում այս օրերին հրապարակվել էին լուրեր, որ նույնիսկ շատ գորիսեցիներ, որոնց հայտնի են եղել որոշ մանրամասներ կատարված միջադեպի մասին, հեռացել են Գորիսից, որպեսզի խուսափեն իրավապահ մարմինների հետ առերեսվելուց: Պատճառը մարզպետից ունեցած վախն է:
Կարո՞ղ է Սյունիքի մարզպետի հրաժարականը նաև կլանային հարաբերությունների քայքայման հիմք դառնալ և փոխել մթնոլորտը տարիներ շարունակ վախի ու կեղծիքի մեջ թաղված մարզում:
ՀԱԿ անդամ, Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում գործում է ինդուլգենցիաների բաժանման սկզբունքը. «Դրանք վաղուցվանից եկող երևույթներ են: Անընդհատ զգուշացվել է, որ խուժանին, կրթություն չունեցող մարդուն չպետք է մոտ թողնել իշխանության: Այնինչ, պաշտոն ստանձնելուց հետո, նրանք դառնում են գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ, փողով գնում են այդ կոչումները: Միջնադար է Հայաստանում: Ի դեպ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը հեռուստաեթերում պատմեց այդ անձնավորության կենսագրությունը»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ինքը դեռ 1988-ին մասնակցել է Գորիսի ինքնապաշտպանական գործողություններին, իսկ այն ժամանակ Սուրեն Խաչատրյանին չի տեսել, ոչ էլ ճանաչել է: Այդ պատճառով էլ նա տարակուսած է, թե ինչի համար են Սուրեն Խաչատրյանին այդքան մեդալներ ու շքանշաններ պարգևել: Միաժամանակ ասաց, որ ճանաչում է սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքին. «Նորմալ մարդիկ են, ի՞նչ ասեմ»:
ՀԱԿ անդամն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված են մարզպետի պարտականությունները, և չկա մի նորմ, որով սահմանվի պարտականությունների ժամանակավոր դադարեցում: «Սյունիքի մարզպետի հետ կապված նման պատմությունները շատ են: Նրան պետք է հեռացնել և հարուցել քրեական գործ»,- կարծում է Շահեն Պետրոսյանը: Նա ցավում է, որ իշխանության մեջ քիչ չեն Սուրեն Խաչատրյանի նման «հեղինակությունները»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ